Գուրգեն Սարգսյան
3 դեկտեմբերի 2020 թ.
Ես գրում եմ այս նամակը՝ հուսալով, որ այն կհասնի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, եւ խնդրում եմ դիտարկել Հայաստանը՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակի իրողությունները։ Հուսով եմ, որ այն կդրդի մեզ հասկանալու, որ պետականության հետ կապված հիմնախնդիրները վեր են փոխադարձ մեղադրանքներից եւ վրեժխնդրությունից։ Եթե երկրում քաոս տիրի, եւ վտանգվի օրենքի գերակայությունը, ապա պարտվողը կլինեն Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները։
Նախքան Հայաստանի արդի իրավիճակի ու իրողությունների գնահատումը՝ կցանկանայի նշել, որ շատ հարցեր, որոնք ես կբարձրաձայնեմ այստեղ, տարբեր ժամանակներում արդեն հնչեցվել են հայկական սփյուռքի հարգարժան անդամների կողմից, ինչպիսիք են Էրիկ Հակոբյանը, Ժիրայր Լիպարիդյանը, Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Տարոն Աճեմօղլուն եւ ուրիշներ։ Իմ ներդրումն այս կարեւոր քննարկմանը ուղղված կլինի ոչ թե կատարվածին, այլ թե ինչպես կարող է Հայաստանը վերադասավորել իր ուժերը երկրի զարգացման համար։ Ես պետք է խոստովանեմ, որ չեմ հավակնում տալ բոլոր լուծումները ու պատասխանները, որոնք կապված են երկրի զարգացման հետ։ Ես կցանկանայի ընդգծել ներկայիս անհատապաշտությունը հավաքապաշտությամբ փոխելու կարեւորությունը։
Որպես պետություն՝ Հայաստանը պետք է ճիշտ կոմղնորոշվի, թե ինչպես լավագույնս գործի աշխարհաքաղաքական համակարգում՝ այս ամենի հիմքում պահպանելով պետականության հիմնական հատկանիշները։ Մեկ բան բացարձակ պարզ է բոլորիս համար, որ առանց ազգի ներկայիս իրավիճակի վերաբերյալ փորձառու մասնագետների իրատեսական եւ անկողմնակալ մոտեցման, ոչ մի իշխանություն չի կարող հույս ունենալ,որ կպահպանի Հայաստանի պետականությունը։ Պարտադիր չէ, որ պետականություն համարվի ժողովրդավարական, անկախ սուբյեկտը, ինչպես ոմանք կցանկանային դիտարկել Հայաստանը, պետականությունը ձեւավորվում է մի շարք հատկանիշներով,որոնք երկիրը պարտավոր է անսասան պահպանել: Դրա համար Հայաստանը պետք է մերժի կույր ազգայնականությունը, մատնացույց անելու, մեկմեկու մեղադրելու,կործանարար ատելություն տարածելու մոլուցքը։ Մենք չենք կարող անդադար հետ հայացք նետել փնտրելու մեր մեջքին ճոճացող թուրը։ Այս անկայուն իրավիճակում, որի մեջ հայտնվել է Հայաստանը, մենք պարտավոր ենք պարզապես ճիշտ կողմնորոշվել։
Շատ է խոսվել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների եւ իրողությունների մասին, բայց ես այդուհանդերձ կրկին կներկայացնեմ այստեղ դրանցից մի քանիսը, քանի որ դրանք
այնքան կարեւոր են, որ պետք է հիմք հանդիսանան ցանկացած քննարկման կամ վերլուծության համար:
Հաշվի առնելով այս իրողությունները, իրավիճակը պետք է գնահատել ազնվորեն։ Հարկ է վերլուծել հրադադարի կարեւորությունը Արցախի համար եւ հասկանալ հնարավոր այլընտրանքը հրադադարին՝ անկախ նրանից, թե ով էր օրվա կառավարությունը։ Անհրաժեշտ է նաեւ անկեղծ վերլուծություն կատարել վերջին 30 տարիների ընթացքում պաշտպանության եւ անվտանգության առումով երկրի ռազմական պատրաստվածության վերաբերյալ: Չափազանց կարեւոր է հիշել, որ հրադադարը խաղաղության պայմանագիր կամ վերջնական համաձայնություն չէ, եւ դեռեւս շատ բան կարող է փոփոխվել՝ կախված կողմերի կամքից: Հրադադարը, եթե այն պահպանվի, հինգ տարի է տալիս Հայաստանին դիրքավորվելու համար այնպես, որ բանակցությունների միջոցով ձեռք բերված խաղաղությամբ կարողանա ապահովել պաշտպանված սահմաններ եւ անվտանգություն,ինչպես նաեւ վերականգնել եւ վերակառուցել կայուն պետականության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Ցանկացած գնահատման մեջ, թե ինչպես պետք է Հայաստանը խաղաղ բանակցություններ վարի, անհրաժեշտ է հաշվի առնել առկա իրողությունները: Հայկական պետականության պահպանմանն ուղղված խոշոր կուսակցությունների հավաքական միասնությունը՝ անորոշության մեջ գտնվող երկիր համար խնդրի լուծման միակ մեխանիզմն է։
Բնական է ակնկալել, որ երբ որեւէ կազմակերպություն ձախողում է, կազմակերպության ղեկավարը հրաժարական է տալիս։ Նմանապես բնական է, որ վերջին երեսուն տարվա ընթացքում պետության ինքնագոհությանը ենթարկված մարդկանց զայրույթը ուղղված կլինի ներկայիս կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի։ Վերոբերյալը հաշվի առնելով, պետք է փաստել, որ սա անհատների հետ կապված խնդիր չէ։ Անձը միայնակ չի լուծի այս ճգնաժամը, քանի որ այն չի առաջացել մեկ անձի պատճառով։ Այնուամենայնիվ,ցանկացած փոփոխություն երկրի կառավարման մեջ պետք է կատարվի սահմանադրական գործընթացի միջոցով՝ ի մասնավորի խորհրդարանում անվստահություն հայտնելու գործիքի կիրառմամբ:
Այս պատերազմի արդյունքը եւ, հավանաբար նույնիսկ հավանականությունը, չպետք է անակնկալ լինեին Հայաստանի իշխանավորների համար, եթե նրանք ուշադիր դիտարկեին փոփոխվող աշխարհաքաղաքական մթնոլորտը Արցախի Հանրապետության շուրջ:Վերջին տասը տարիների ընթացքում աշխարհաքաղաքականությունը մեծապես փոխվել է՝ հատկապես ԱՄՆ-Իսրայել տանդեմը Իրանի նկատմամբ։ Տարածաշրջանում նոր տեխնոլոգիաների զարգացումը որոշ առումով պետք է Հայաստանի ուշադրությունը սեւեռեր իր սահմաններին սպառնացող վտանգին։ Հայաստանի ներկա եւ ապագա ղեկավարները չպետք է խուսափեն այս իրողություններից։ Պետականությունը պահպանելու համար Հայաստանը պետք է հարմարվի դրանց հետ:
Ներկայիս կառավարության ներկայացուցիչները ընդդիմության հետ մեկտեղ ունեն երկու ընտրություն. շարունակել խաղալ քաղաքականություն՝ զուգակցված ատելության խոսքով միմյանց հանդեպ, հետեւաբար ներսից թուլացնելով պետությունը եւ տանելով երկիրը դեպի քաոս։ Երկրորդ ընտրությունն է ստեղծել անկախ մարմին, որը անկողմնակալ կերպով կվերլուծի առկա իրավիրճակը եւ հանդես կգա որպես կամուրջ մրցակից կողմերի համար։ Սա հնարավորություն կընձեռի պետականությունը պահպանելու եւ փողոցում խաղաղություն հաստատելու համար:
Հայաստանում իրական իշխանության ահռելի սով կա։ Առկա են մի շարք լուրջ խնդիրներ,որոնք պետք է լուծվեն. անվտանգություն, փախստականներ, COVID-19 համավարակ,պետականության եւ ինքնիշխանության հիմքերի, ինչպես նաեւ օրենքի գերակայության պահպանում այս անասելի փխրուն եւ հուզական ժամանակներում: Այս հարցերը չեն կարող լուծվել մեկ անձի շուրջ խմբված ցեղային կուսակցությունների կողմից: Ավելի քան երբեւէ, պոպուլիզմը պետք է զիջի պետականմետ լուրջ մոտեցումներին եւ քննարկումներին: Այլեւս պետք չէ գրգռել հասարակական տրամադրություններն ու զայրույթը: Սպասվող բանակցություններն ու քննարկումները չեն կարող քաղաքականացվել, դրանք պետք է անվերապահորեն կենտրոնանան Հայաստանի ապագայի վրա՝ ամեն ինչից գերակա համարելով պետականության պահպանումը։
Որպես «Զորյան» ինստիտուտի հիմնադիրներից մեկը՝ կոչ եմ անում Հայաստանի իշխանվորներին եւ ընդդիմախոսներին դիտարկել հետեւյալ առաջարկը, միավորել հասարակության տարբեր խմբերի հայտնի ներկայացուցիչներին մեկ հանձնաժողովի մեջ քննարկումներ իրականացնելու նպատակով: Այս հանձնաժողովում ընդգրկված կլինեն կառավարության ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության նախորդ չորս վարչակազմերից, այդ թվում` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, յուրաքանչյուրն իր անունից ընտրելով ներկայացուցիչ,ովքեր կընդգրկվեն այս հանձնաժողովում: Օրինակ՝ Լեւոն Տեր Պետրոսյանը կարող է ընտրել Ժիրայր Լիպարիդյանին որպես պատմաբան եւ նախկին հատուկ բանագնաց, որի փորձն ու մասնակցությունը Հայաստանի անունից այս հակամարտության տարբեր կողմերի հետ բանակցություններում անգնահատելի է: Ես նաեւ առաջարկում եմ, որ այս հանձնաժողովը ներառի Արցախի նախկին եւ ներկա նախագահների կողմից ընտրած
իրենց ներկայացուցիչներին:
Ավելին, ես կառաջարկեի ընդգրկել նաեւ մասնագետների սփյուռքից։ Հնարավոր թեկնածուներ, ում մտաբերում եմ, կարող են լինել Ռուբեն Վարդանյանը (որպես Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներից մեկը), դոկտոր Նուբար Աֆեյանը (որպես «Մոդեռնայի» ղեկավար, ով կարող է ներդնել իր հսկայական գիտական գիտելիքներն ու համաճարակային պատվաստումների փորձը), Տարոն Աճեմօղլուն (հայտնի միջազգային տնտեսագետ, որի ներդրումը կարեւոր նշանակություն կարող է ունենալ պետության տնտեսության վերակառուցման համար) եւ երկար տարիների դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող Ն.Գ. Արմեն Եգանյանն, ում գիտելիքն ու փորձը նշանակալի ներդրում կարող են
ունենալ Հայաստանի եւ այն երկրների միջեւ, որտեղ նա աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության դեսպան: Այս հանձնաժողովն իր հերթին կհրավիրի համապատասխան փորձագետների, ովքեր կկատարեն վերլուծական աշխատանք եւ կառաջարկեն հստակ լուծումներ։ Այս խումբն այնուհետեւ կարող է փոխանցել կառավարությանը վերլուծությունների արդյունքները, իսկ աշխարահասփյուռ հայկական ցանցին՝ առաջարկությունները, այսպիսով ներգրավելով սփյուռքը եւ մոբիլիզացնելով այն աջակցությունը, որն այդքան անհրաժեշտ է Հայաստանին այս պահին:
Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությանը եւ բոլոր ընդդիմադիր կուսակցություններին այլեւս ժամանակ չվատնել եւ անմիջապես լծվել աշխատանքի նման հանձնաժողով ստեղծելու համար։ Երկիրը պետք է գնահատի այն ուժերը եւ գործոնները, որոնք կերտել են ներկայիս իրականությունը եւ կազմի գործողությունների ծրագիր: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան շուտ Հայաստանը կկարողանա գործել պետականության պահպանման իրատեսական լուծման ուղղությամբ՝ խաղաղություն եւ կայունություն բերելով համայն հայությանը:
Այս հոդվածի բովանդակությունը արտացոլում է միմիայն հեղինակի անձնական կարծիքը եւ չի ներկայացնում Զորյան ինստիտուտի պաշտոնական դիրքորոշումը: